Մեր մասին

ՔՅՈՒՐՔՉՅԱՆ-ը հիմնադրվել է Հայաստանում՝ Երևանում, դիզայներ Արմեն Քյուրքչյանի և նրա դուստրեր Սոնա և Աստղիկ Քյուրքչյանների կողմից։ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ-ի հիմքում ընկած է դիզայնի միջոցով հայկական մշակութային ժառանգության տարածման հանձնառությունը։ 

Մեր նպատակն է ստեղծել գործեր՝ լինի դա գիրք, դեկորատիվ իր կամ այլ արտադրանք, որոնք հնարավոր է վայելել այսօր, տարիներ շարունակ, և նույնիսկ՝ փոխանցել հաջորդ սերունդներին։ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ-ի յուրաքանչյուր արտադրանք նախագծվում է բրենդի կողմից, և իրագործվում բարձրորակ տպագրությամբ կամ հմուտ արհեստավորների ձեռքով՝ ապահովելով բարձր որակ և ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։

Մեր պատմությունը սկսվեց 2010 թվականին, Արմեն Քյուրքչյանի առաջին գրքի՝ «Հայկական զարդարվեստ»-ի հրատարակությամբ։ Դրան հաջորդեցին ևս երկու հատորներ՝ ձևավորելով հայկական զարդարվեստին նվիրված ամբողջական շարք։

Հազարավոր զարդանախշեր Արմեն Քյուրքչյանի կողմից հավաքագրվել, մշակվել և վերածվել են գրաֆիկական պատկերների՝ ստեղծելով եզակի և արժեքավոր վիզուալ արխիվ, որն էլ ամբողջությամբ, թվային ձևաչափով հասանելի է kyurkchyan.org կայքում։

Այս աշխատանքը դարձավ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ հրատարակչության հիմքը։ Հրատարակչությունը շարունակում է լույս ընծայել հայկական մշակույթին նվիրված գրքեր, ինչպես նաև՝ տարբեր լեզուներվ գրված արժեքավոր ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ։

Հրատարակչական գործունեությանը զուգահեռ՝ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ-ը ստեղծում է դեկորատիվ իրեր, որոնք նախագծվում են բրենդի կողմից և պատրաստվում ձեռքով՝ Հայաստանում։

Մեր արհեստավորները կիրառում են ավանդական մեթոդներ՝ պահպանելով նախնիների կողմից ժառանգված տեխնիկաները։ Մենք օգտագործում ենք բնական և ազնիվ նյութեր, որոնք ժամանակի ընթացքում ձեռք են բերում խորություն՝ հարստացնելով իրերի տեսքն ու բնավորությունը։

Յուրաքանչյուր ՔՅՈՒՐՔՉՅԱՆ արտադրանք նախագծվում է այն գաղափարով, որ այն պետք է ծառայի երկար տարիներ և նույնիսկ փոխանցվի հաջորդ սերունդներին։ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ-ի արտադրանքը արտացոլում է հայկական մշակութային ժառանգության գեղեցկությունը ժամանակակից դիտանկյունից՝ պահպանելով անժամանակյա արժեքը, միաժամանակ լինելով գրավիչ ժամանակակից մարդու համար։ 

Հայկական միջնադարյան գործվածքների նախշերը կենտրոնական տեղ են զբաղեցնում մեր տեքստիլ և տպագիր հավաքածուներում։ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ-ի կողմից վերաիմաստավորված այս մոտիվները կիրառվում են մեր տպագրական նյութերում՝ օրինակ նվերի փաթեթավորման թղթերում և բացիկներում, ինչպես նաև՝ գործվածքների ձևավորումների մեջ։

Մեր գործվածքները բնական են՝ բամբակից կամ մետաքսից, արտադրվում են Հնդկաստանում։ Դրոշմատպված կտորները տպվում են Ջայպուրում, ձեռքով, փայտե դրոշմերի կիրառմամբ, վարպետ արհեստավորների կողմից։ Այս գործվածքներից պատրաստված վերջնական արտադրանքը կարվում և պատրաստվում է ձեռքով՝ Հայաստանում։

Մենք հավատում ենք, որ մարդիկ՝ աշխարհի տարբեր երկրներից, կարող են kyurkchyan.org կայքում գտնել սիրելի իրեր, որոնք նրանց ուրախություն կպարգևեն երկար տարիներ շարունակ։ 

Եթե ցանկանում եք կապ հաստատել մեզ հետ, կարող եք գրել info@kyurkchyan.org էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 99 404708 հեռախոսահամարով։